Այսօր դուք ճերմակ աղավնիներ եք,
Վաղը ձեր ճերմակ, փրփուր էությամբ
Քայլելու եք դուք ձեր ընտրած ճամփով...
Արդյոք դուք գիտե՞ք` գալիք ճամփեքը
դժվար են լինում,
Կյանքը սիրում է տրորել նրանց,
ովքեր նորեկ են,
ՈՒ դու՛ք, սպիտակ ի՛մ աղավնիներ,
Պիտի պայքարեք,
Պիտի փոխ առնեք
Բյուր աչքերն երկնի,
Պիտի քարանաք,
Երբ կյանքը ձեզնից քար ուզի կերտել,
Պիտի դար դառնաք,
Երբ կյանքը ձեզնից դար ուզի կերտել...
Բայց երբ նա կուզի
Ձեր սերը մարել
Կամ ձեր սպիտակ էությունը սուրբ
մրոտել թույնով,
Այնժամ չընկճվե՛ք,
Պայքարե՛ք սիրով:
Սիրո պայքարն է, որ միշտ հաղթում է,
Իսկ ձեր հոգու մեջ անպարփակ պայքար,
Սիրո կարոտ կա, ի՛մ աղավնիներ...
Թաթուլ ԿՐՊԵՅԱՆ
Ինքնայրումով ապրելու բանաձևն ի վերուստ էր դրված Արցախյան ազատամարտի հերոսներից մեկի՝ Թաթուլ Կրպեյանի մարդկային նկարագրում` ապրել սիրելով ու նվիրելով:
Կենսաձևն է դա, ապրելու տեսակ, որ գալիս է մարդու հետ ու մնում մարդկությանը:
Թաթուլ Կրպեյանը ծնվել է 1965 թ. ապրիլի 21-ին Հայաստանի Հանրապետության Թալինի Արեգ (Փիրմալաք) գյուղում (այժմ ՀՀ Արագածոտնի մարզում), գյուղացու ընտանիքում:
Թաթուլը` Ժորժիկ և Սեդա Կրպեյանների վեցերորդ զավակն էր` Սերգեյ, Մինաս, Գրիգոր, Մանվել որդիներից և Ռուզան դստրիկից հետո:
Զավակ, որն առաջիներից էր ապրիլ 24-յան խարույկի բոցերը երկինք հանելով Արտենի լեռան գագաթից հիշեցրել, որ հայը քնած չէ:
Արտենի լեռան փեշին փռված Արեգ գյուղում Թաթուլը բոլոր փոքրիկների պես մեծացավ տատի պատմած հեքիաթներով, որոնք որքան էլ լավ ու բարի ավարտ ունենային, գաղթի ու ջարդի պատմություններով էին հագեցած: ՈՒրիշ կերպ չէր էլ լինի:
Դա Գյուլիզար տատի ցավն էր, նրա կորուստներով լի կյանքը:
Տան փոքրերի` Թաթուլի և Ռուզանի հեքիաթասացը, տատից բացի, նաև իրենցից ավագ եղբայրը՝ Մանվելն էր, որ Հայրենական պատերազմի մասին պատմող կինոնկարները նայելով իրեն հերոս զինվոր էր պատկերացնում և իրեն նայող ու լսող փոքրիկին պատմում էր, թե ինչպես են ինքն ու ավագ եղբայրը՝ Սերգեյը, տանկ վարել, հերոսաբար կռվել թշնամու դեմ։
-Քանի՞ թուրք ջարդեցիք,- միամտաբար հարցնում էին փոքրիկները, որոնց լսած պատմություններում հային կոտրողն ու հայի թշնամին միայն թուրքն էր:
-Այնտեղ թուրք չկար,- պատասխանում էր Մանվելն ու փոքրիկները տարակուսած միմյանց էին նայում.
«Եթե թուրք չկար, էլ ու՞մ դեմ էին կռվում Մանվելն ու Սերգեյը»:
Թաթուլը գրաճանաչ դառնալուց հետո մեծերի պատմած հեքիաթների կարիքն այլևս չուներ: Իրենց տան մերձակայքում՝ սարի փեշին ընկած, իր լեռ- քարերն
ուներ, որոնց վրա նստած կարդում էր գեղարվեստական գրքերն ու հետագայում արդեն գրում էր հորինած բանաստեղությունները:
Բանաստղծություններ, որոնք ծայրից ծայր գրված են հայրենիքի կարոտով, կորուսյալ հողերի վերադարձը տեսնելու հավատով, հայրենասիրությամբ` պահպանելով ժողովրդական բանահյուսությունից եկող բառ ու բանը, Կարուց (Կարս) քաղաքին հատուկ խոսքն ու մտածողությունը:
Իր գրած բանաստեղծություններին զուգընթաց նա ուշի-ուշով մտապահում էր գյուղի տարեցների երգած երգերն ու խաղիկները: Հետո, տարիներ անց, այդ ամենը նրան պետք էին գալու, բայց մինչ այդ, նա իր ընթերցասեր հոր նման ընթերցում, վերընթերցում էր տանը եղած գրքերը, գյուղական գրադարանում եղած ու նոր ստացվող գրքերը:
Խաղաղ, համեստ, երազկոտ ու հայրենասեր Թաթուլ Կրպեյանը, որ մեծերին հարգելու ավանդապաշտությունն ուներ և անգամ ամաչում էր մեծ եղբոր նորահարսի, իր հարսիկի հետ նույն սեղանին նստած ճաշելու, սանձազերծ առյուծ էր դառնում, երբ մեկնումեկը փորձում էր նվաստացնել «հայրենիք»
կոչված գաղափարը, կամ անհարգելից խոսել ծնողների հասցեին:
Մի օր, երբ աշակերտների ուսման ցածր որակից բարկացած, ռուսաց լեզվի ուսուցչուհին աշակերտներին հասցեագրեց անպարկեշտ մի արտահայտություն և բոլորի մայրերին չարի գիրկն ուղարկեց, բոլորը լռեցին, իսկ Թաթուլն ընդվզեց.
«Ո՞նց թե, դու մեր մայրերին»…
Դա նրա առաջին ու լուրջ ընդհարումն էր հայհոյողի հետ։
*
Թաթուլ Կրպեյանն ավարտեց տեղի միջնակարգ դպրոցը:
Այնուհետև սովորեց Թալինի թիվ 29 պրոֆտեխնիկական ուսումնարանում:
1985-87 թթ. Կազելսկ քաղաքում անցկացրեց զինվորական ծառայությունը:
*
«Մարաթուկում» երգող Թաթուլը Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետ ընդունվելուց հետո ստեղծեց իր «Կարս» ազգագրական խումբն ու գյուղի տարեցներից, մամիկներից լսած երգերը կատարեց՝ միախառնելով իր հայրենակարոտ ստեղծագործություններին, որոնք դառնում էին երգեր և ուղեկցվում ազգագրական պարերով:
Փորձերն արվում էին ազատ լսարաններում: Թաթուլի խմբին միացան նաև դասախոսներից մեկի երկու
մանկահասակ դուստրերը:
Թաթուլը համալսարանի 4-րդ կուրսում էր, երբ 1988թ. փետրվարին, դեռ չէր սկսվել Աբովյանից Երևան իջնող էկոլոգիական քայլերթը, մեկ շաբաթով անհետացավ հարազատների տեսադաշտից: Վաչե Սարուխանյանի և Իգոր Մուրադյանի հետ մեկնեց Արցախ։ Նրանց ստեղծած «Միացում» կազմակերպությունը Ղարաբաղում կազմակերպական գործեր ուներ անելու:
Երևանում թափ հավաքող հանրահավաքներին զուգահեռ ահագնանում էր Արցախի հայաթափության վտանգը: Անհրաժեշտ էր անցնել Ղարաբաղ և օգնել տեղաբնակներին՝ հարձակումներից պաշտպանվելու:
Գնալով իրադարձություններն արյունոտ դարձան: 1990 թ. սեպտեմբերին, Թաթուլը Հրայր Կարապետյանի փաստաթղթերով մարտական ջոկատի հետ մեկնեց Գետաշեն, որպես գետաշենցու թոռ:
Արցախում ազատամարտիկներին ընդունեցին հարազատ որդիների նման, սիրեցին նրանց: Ազատամարտիկներն արթուն հսկում էին հայկական գյուղերը Թաթուլն այդ բոլորի հետ միասին Գետաշենի միջնակարգ դպրոցում պատմություն, երգ-երաժշտություն ու պար էր սովորեցնում երեխաներին: Մեծագույն սիրով ու նվիրումով կատարելով ուսուցչի իր պարտականությունները՝ նույնպիսի նվիրումով էլ կատարում էր գյուղի պաշտպանի իր դերը՝ գիշերը հերթապահելով, առավոտը վաղ քարերով մատները քերել-մաքրել -լվանալով, որ իր աշակերտներն իրենց ուսուցչին անկարգ ու անփույթ չտեսնեն:
Նրա ակտիվ մասնակցությամբ վերանորոգվեց գյուղի Աստծո տունը՝ եկեղեցին: Թաթուլը գիտեր, որ հավատը համախմբում է մարդկանց, դարձնում անխորտակ ուժ, տանում դեպի հաղթանակ։
Առաջին լուրջ մարտը թշնամու հետ տեղի ունեցավ 1991-ի փետրվարին: Մարտը շահեցին հայ ազատամարտիկները: Բանակի զինվորները սպառնալիքով մտան գյուղը պաշտպանող 4-րդ զորամասերից մեկը, մոտեցան Մարտունաշենի մատույցներին: Թաթուլն այդ դիրքերին հասավ այն պահին, երբ ռուս սպան զինվորների հետ պատրաստվում էր հեռանալ` իրենց հետ տանելով հայերի զենքերը: Նա նետվեց դեպի հեռացող սպան՝ նռնակը ձեռքին, մյուս ձեռքով բռնեց սպայի օձիքից՝ պահանջելով վերադարձնել հափշտակված զենքերը: Սպան տատանվում էր, պահանջում ազատ թողնել իրեն: Թաթուլն ավելի հաստատուն կրկնեց պահանջը։
Զինվորները հեռացան, բայց իրադարձություններն ավելի սրվեցին:
1991-ի մարտին թշնամին կրկին հետ շպրտվեց հայկական բնակավայրերից: Ապրիլին բանակի վաշտերն ավելի մոտեցան Գետաշենին:
Կատարվողի մասին գիտեր ամբողջ Հայաստանը: Կենտրոնական իշխանություններն ապրիլի վերջին հայտարարեցին, որ Գետաշենի ժողովուրդը տեղահան չի արվի: Ասվեց, որ հարցը հանվել է օրակարգից։ Հաջորդ օրը ապրիլի 30-ին, առավոտ շուտ տանկերը շրջապատեցին գյուղը: Օդում պտտվում էին ռազմական վեց ուղղաթիռներ:
Գետաշենը մարտնչում էր:
Տեղի ինքնապաշպանության ջոկատին օգնության էին եկել ու քաջաբար կռվում էին «Մալաթիա» ջոկատը, «Ալաշկերտը», «Արաբոն» և Թաթուլի մարտական ջոկատը։
Պաշարված Գետաշենը մարտնչում էր: Դժվար էր ծնկի բերել հանդուգն ազատամարտիկներին: Եղավ մի պահ, որ բանակը անցավ վճռական հարձակման՝ ճանապարհին ավերելով ամեն ինչ: Թաթուլը տեսնում էր այդ ամենը և նռնակը բարձր բռնած գոռում, «Կանգնեցնել տանկերը»:
Գյուղի կետրոնում կանգնած տանկի մեջ էր զորքերի ընդհանուր հրամանատարը։
Թաթուլը բարձրացավ այդ տանկի վրա, մահվան սպառնալիքով դուրս քաշեց ռուս գնդապետին, պահանջեց իր հետ գնալ կրակի առաջին գիծ, և հրամայել, որ զորքերը հեռանան գյուղից:
Իրականացված «Օղակ» դործողության հետևանքը Գետաշենի հայաթափումն էր, բայց այն դարձավ քաջարի պատմության հերոսական օղակը, հայ քաջերի անձնազոհ սխրանքով։
-Նշանաբանը,- հարցրեց կապն ընդունողը:
Թաթուլն այն չգիտեր։
Այդ պահին նա հասկացավ, որ կազմակերպված ռազմական գործողություն է իրագործում, խլեց գնդապետ Մաշկովի ձեռքից գործողության ծրագիրն ու ամեն ինչ հաստատվեց:
Հավատարիմ ընկերները՝ Արթուրն ու Հրաչը, հետևեցին նրան։ Թաթուլը շրջվեց ու կարգադրեց հեռանալ: Սակայն նրանք չգնացին չցանկանալով մենակ թողնել իրենց հավատարիմ ընկերոջը: Նա շրջվեց և հրամայեց, որ հեռանան... և ահա հնչեց դավադիր կրակոցն ու Թաթուլ Կրպեյանն ընկավ։
Հրաչն իրեն կորցրած՝ շրջվեց կրակոցի կողմը, հաջորդ գնդակից ընկավ նաև Հրաչը, հետո՝ Արթուրը, հետո՝ գետաշենցի Վալերիկը, հետո գետաշենը հայաթափվեց:
Հիմա Թաթուլի երգած ազգագրական երգերի հետ հնչում է նրա վերջին կամք դարձած պատգամը, որի կատարումը ծնվող ու ապրող ամեն մի հայի, մանավանդ նրա Ասպրամ դստրիկի հոգու պարտքը պետք է լինի: Նրա անունով են կոչվում ՀՅԴ արտասահմանյան մի քանի կազմակերպություններ, դպրոցը՝ Արեգ գյուղում, մինչ թշնամուն հանձնելը նաև Կովսականում` Քաշաթաղի շրջան, փողոց Թալինում, Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի լսարաններից մեկը, կա նաև «Թաթուլ» գրքույկը։
Թաթուլի համալսարանական օրերի, նրա՝ որպես լավագույն ուսանողի և ազնիվ մարդու մասին հուշերից են միշտ պատմում իրենց ուսանողներին համալսարանում դասավանդող մի շարք դասախոսներ:
Նա ոչ թե մեծարանքի համար էր մտել կռվի դաշտ, այլ պայքարում էր, որ հարատևի հայ ժողովուրդը։
Կապրի հայ ժողովուրդն ու կապրի Թաթուլի հիշատակը, քանզի ոսոխի նենգ գնդակից մարած նրա կյանքը պիտի շարունակվի Թաթուլ Կրպեյանի ու նրա նվիրյալ զինակիցների մեծ հավատով:
Որպես հավարտ վկայակոչեմ Թաթուլի մասին գրված այս տողերը.
«Թաթուլն առասպելներից է եկել։
Քիչ է ասել, թե նա քաջ էր և իմաստուն:
Նա ծնվել է հայ ժողովրդի ցավերից ու երազանքներից: Նա ազատամարտիկ էր, բանաստեղծ, քաղաքական գործիչ»:
Հերոս հայորդի Թաթուլ Կրպեյանը հետմահու պարգևատրվել է ՀՀ «Հայրենիք» շքանշանով:
1996 թ. սեպտեմբերի 20-ին ՀՀ նախագահի հրամանագրով հետմահու Հայաստանի Ազգային հերոսի կոչում է շնորհվել Թաթուլ Ժորժիկի Կրպեյանին:
Ամուսնացած էր:
Հանգչում է հայրենի Արեգ գյուղում, որտեղ էլ կանգնեցված է նրա տուֆակերտ հուշակոթողը:
Թագուհի ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ